Երեկ վերջապես կատարվեց Հովիկ Աբրահամյանի տարիների երազանքը. նա վարչապետի կարգավիճակում առաջին անգամ վարեց կառավարության նիստը: Նորանշանակ վարչապետը միանգամից ինտեգրվեց ու իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում:
Մինչ այդ ավելի ուշագրավ իրադարձություններ էին կատարվում կառավարության շենքի դիմաց: Այնտեղ էին «բոլոր վարչապետերի» դեմ ակցիա կազմակերպողները` նույն պահանջներով: Այս անգամ նրանք Հովիկ Աբրահամյանին էին առաջարկում իջնել ու իրենց խնդիրներին հաղորդակից լինել: Փոխարենը, ինչպես միշտ, քաղաքացիների հետ հանդիպեց կառավարության գործերի կառավարիչը:
Այս անգամ ցուցարարները մենակ չէին եկել, իրենց հետ բերել էին կատու, որի վզին շղթա էր գցած, ու մի մուկ: Կենդանիները մարդկանց ձայնից վախվորած այս ու այն կողմ էին փախչում: «Էդպես էլ պաշտոնյաներն են մեզնից փախչում: Ժողովրդի հետ վատ վարվող ամեն պաշտոնյա կատվից վախեցած մկան օրն է ընկնելու»,- գոռում էին ցուցարարները: Իհարկե, նման կենդանիներ կառավարության շենքի մոտ բերելու ենթատեքստը հստակ էր, բայց, ըստ իս, անիմաստ։ Ի վերջո, կենդանիներին անհաջող ներկայացմամբ տանջողներն իրենց այդ քայլով ի՞նչ էին ուզում ընդգծել կամ ասել, այդպես էլ անհասկանալի մնաց։
Իսկ նիստերի դահլիճում նախարարներից շատերն անորոշ ու սպասողական վիճակում էին: Հովիկ Աբրահամյանը ներս մտավ ու սկսեց շնորհավորանքով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծնունդն էր: Օրակարգը հաստատվեց ու նախարարները բավականին լարված մոտենում էին ամբիոնին` զեկուցելու: Վարչապետի առաջին պոռթկումը դրսևորվեց ԱԺ պատգամավորի նախաձեռնության առնչությամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի նախաձեռնությունը վերաբերում էր ջավախքահայերի կենսաթոշակային խնդիրները լուծելուն: Օրենքի նախագծով առաջարկվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած` Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է:
«Այս հարցը շատ զգայուն է, և դրական որոշումը ճիշտ չի ընկալվի մեր հայրենակիցների կողմից: Առաջարկում եմ` ԱԺ-ն քննարկի և համոզի, որ նման հարցեր օրակարգ չընդգրկվեն: Սա ավելի ճիշտ մոտեցում կլինի և մեզ համար կդառնա սկզբունք»,- իր պաշտոնավարման ընթացքում ԱԺ-ից բերված նախաձեռնությունը «սրբագրելով», ասաց Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, նորանշանակ վարչապետը բավականին աշխույժ էր «մոտեցել» գործին ու պարբերաբար հարցեր էր ուղղում պաշտոնյաներին` հստակեցումներ անելու համար: Նախկին պաշտոնի հանգույն Աբրահամյանը մշտապես հիշում էր ԱԺ-ն: Ավելին, երբ Հրայր Թովմասյանն առաջարկեց իր զեկուցած հարցը համարել «անհետաձգելի», գործադիրի նորանշանակ ղեկավարը խորհրդարանի «թասիբը» պահեց, որից ինքը հաճախ նեղվում էր, երբ հիշեցնում էին, թե ԱԺ-ն դակում է այն ամենը, ինչ կառավարությունը ներկայացնում է: «Է՜, համարենք, բայց ԱԺ-ն ծանրաբեռնված է այս քառօրյայում, առաջարկում եմ անհետաձգելի չհամարենք: ԱԺ-ի հետ մենք շատ արդյունավետ կաշխատենք, չպարտադրենք ԱԺ-ին, լիազորությունները չսահմանափակենք»,- ընդգծեց վարչապետը, այդուհանդերձ, ԱԺ-ին «խնդրելով» որոշումների առնչությամբ աջակցել կառավարությանը:
ԲՀԿ-ն էլ վերստին առիթ տվեց Հովիկ Աբրահամյանին խոստումներ տալու: Երբ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը և մերժման հիմքերը, վարչապետն ի պաշտոնե տվեց իր առաջին խոստումը: «Ապագա մեր կառավարության և երկրի նախագահի ցանկությունն է, որ փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ: Առաջիկայում մենք ՓՄՁ առնչությամբ լավ ծրագրեր ենք անելու, որ փոքր, միջին բիզնեսը զարգանա մեր երկրում: Իսկապես շատ մեծ քայլեր ենք անելու»,- հավաստիացրեց նորանշանակ վարչապետը, որի խոշոր բիզնեսների մասին վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ է բարձրացել:
Հովիկ Աբրահամյանը իր «ոճին» հավատարիմ չէր մնա, ու անձնական PR-ը կիսատ կմնար, եթե որոշումների «արանքում» մի բան չմոգոներ: Սրա արդյունքում հանդիմանության արժանացավ Արմեն Աշոտյանը: Խոսքը բյուջեով տրվող կես միլիոնից մի քիչ ավելի գումարի տրամադրման մասին էր, որն այս տարվա ծրագրով դեռևս նախատեսված չէ: «Հիմա մենք էս մարդկանց ի՞նչ ենք ասում` լուծելո՞ւ ենք հարցը, թե՞ ոչ: Մեծ գումարի խնդիր չէ, ընդամենը 626 հազար դրամ: 2015-ի բյուջեում ընդգրկել է պետք, ձգձգել պետք չէ: Կառավարությունն իր դիրքորոշումը պետք է հստակեցնի, էս ձևական տանելը, հետաձգելը ինձ համար ընդունելի ոճ չեն: Կոնկրետ լուծում եք հարցը կամ ոչ»,- նախորդ կառավարությանը թեթևակի «խայթելով» ասաց Հովիկ Աբրահամյանը, որին այլևս հետաքրքիր չէր Աշոտյանի այն պարզաբանումը, թե նախագծով, բացի այդ գումարից, այլ ծախսեր էլ են նախատեսվում: Աբրահամյանն ասաց այն, ինչ ուզում էր ու անցավ առաջ: Ի միջի այլոց, նախագիծն առնչվում էր ազգային երգն ու պարը, որպես առարկա, դպրոցներում ներդնելու հարցին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանդեպ ևս վարչապետն առաջին իսկ օրը ցուցաբերեց իր առանձնահատուկ վերաբերմունքը` նրա զեկույցից հետո անմիջապես նշեց. «Լավ որոշում է, ընդունված է»:
Կառավարության այս անգամվա նիստը «փակ ռեժիմ» չուներ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ